Ա. Դանիելյան. Ոչ մեկին մրցակից չեմ դիտարկում, իմ հիմնական մրցակիցները քաղաքի չլուծված խնդիրներն են. «168 Ժամ»
Հրազդանում ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեմայով «168 Ժամ»-ը զրուցել է Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի հետ:
- Հրազդանի քաղաքապետի գալիք ընտրությունները խոստանում են թեժ լինել, քանի որ Ձեր հիմնական մրցակիցն իր քաղաքական թիմով է հանդես գալու։ Մտավախություններ չունե՞ք:
-Ասել եմ ու նորից կասեմ, որ ոչ մեկին մրցակից չեմ դիտարկում։ Իմ հիմնական մրցակիցները քաղաքի դեռևս չլուծված խնդիրներն են։ Ես ու մեր թիմն այդ խնդիրները պետք է շարունակենք լուծել գալիք տարիների ընթացքում։
-Այնուհանդերձ, Սասուն Միքայելյանի շտաբի պետ է նշանակվել Նիկոլ Փաշինյանը։ Դա չի՞ փոխում Ձեր ծրագրերը:
-Քաղաքական գործիչների տեղն Ազգային ժողովում է։ Չնայած լավ է, որ այս ընտրությունների շնորհիվ որոշ մարդիկ կիմանան Հրազդանի տեղը Հայաստանի քարտեզի վրա, կծանոթանան մեր քաղաքին, նրա հոգսերին և կյանքին։ Ափսոս, որ դա անելու են ընտրությունների, այսինքն` սեփական շահերի համար և ոչ թե սովորական կամ պարզ մղումով։ Քաղաքային ընտրությունները քաղաքական չեն լինում և չեն լինելու։ Երևի, խորհրդարանական ընտրություններից առաջ փորձելու են Հրազդանում ինչ-որ բան անել։ Բայց վստահ եմ, որ հրազդանցին ասել է, թե ինչ է մտածում ամեն տեսակի լաբորատոր փորձերի մասին։... Հրազդանը ոչ թե քաղաքական թատերաբեմ դառնալու կարիք ունի, այլ՝ իր խնդիրների կայուն ու երկարաժամկետ լուծումների:
-Դուք երկար ժամանակ քաղաքապետ եք։ Այդ խնդիրներն ինչո՞ւ չեն լուծվել:
-Քաղաքապետ եղել են տարբեր մարդիկ, տարբեր ժամանակներում։ Եթե ուզում եք արդյունքը տեսնել, համեմատեք քաղաքն այսօր և 18 տարի առաջ։ Իհարկե, չլուծված հարցերն էլ են շատ։ Ես լավ գիտեմ քաղաքի հոգսը, հրազդանում սպասելիքները ու պատրաստ եմ շարունակել աշխատել, որ էլ ավելի թեթևացնեմ մեր քաղաքի բեռը։ Այդ հարցերը դրսից հյուրախաղերի եկած մարդկանցով չեն լուծվելու։ Հրազդանը հյուրընկալ քաղաք է, բայց քաղաքի իրական տերը հրազդանցին է:
Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում, հարակից գյուղերում։ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են Հրազդանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ, ներկա քաղաքապետ Հրազդանի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը։ Միքայելյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ՔՊ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: