Քննարկում՝ Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ
«Մենք պատրաստել ենք մանրամասն տեղեկատվություն, որպեսզի ձեզ ներկայացնենք, թե ճանապարհաշինության ոլորտում առաջիկայում ինչ ծրագրեր ունենք: Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար այդ խնդիրները քննարկել մեկ սեղանի շուրջ»,- ասել է տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն՝ այսօր տեղի ունեցած Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող քննարկման ժամանակ:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը ներկա են եղել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանային ծրագրերի Արևելքի բաժնի ղեկավար Վասսիլիս Մարագոսը, Հայաստանում Եվրամիության հետ համագործակցության բաժնի ղեկավար Խոա-Բին Աջեմիան, Եվրասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանին՝ Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում, կառուցվելիք Բարեկամության կամրջի նախագիծը, որը կֆինանսավորվի Վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով:
Ճանապարհաշինական հաջորդ կարևոր ծրագրերից մեկը Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունն է: Ներկաները ծանոթացել են նաև այս ճանապարհաշինական ծրագրին: Նշվել է, որ արդեն պատրաստ են տեխնիկատնտեսական նախագծերը և այժմ Ասիական զարգացման բանկի հետ ընթանում են քննարկումներ մի շարք հարցերի, այդ թվում նաև ճանապարհը կառուցելու
համար միջազգային բաց մրցույթ հայտարարելու վերաբերյալ: Դրամատունը
կֆինանսավորի ճանապարհի շինարարությունը: