Հովիկ Աբրահամյան. Գյուղատնտեսության ոլորտում սպասվում է լարված աշխատանք
Այս տարի նույնպես գյուղատնտեսության ոլորտում սպասվում է լարված աշխատանք: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
«Կան լուրջ անելիքներ և պետք է համատեղել բոլոր ջանքերը, ձեռնարկել գործնական քայլեր՝ ոլորտում առաջընթացը շարունակելու, մթերողներին, վերամշակողներին և ընդհանրապես գյուղացուն աջակցելու ուղղությամբ»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին և նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել հիմնախնդիրները, հետևողական լինել պայմանավորվածությունների կատարման և խնդիրների լուծման հարցում:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է տվյալներ, ըստ որի, 2015 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 1 տրլ 2 մլրդ ՀՀ դրամ, որը 11.7 տոկոսով գերազանցում է 2014 թ. ցուցանիշը:
Բարձրացել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը՝ կազմելով 78.8 տոկոս:
ՀՀ կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով՝ 14 տոկոսով վարկեր, որոնց 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է. 2015 թ. տրամադրված վարկերի գումարը կազմել է շուրջ 15.2 մլրդ ՀՀ դրամ:
Գյուղմթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 43.5 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 27.6 տոկոսով, 20.6 հազ. տոննա պտուղ՝ 2014 թ. 48.3 տոկոսով ավելի: