«Մենամարտ առյուծի հետ»՝ Ուրցաձորում պահվող առյուծները մարդ են վնասել
Գյումրիի կենդանաբանական այգուց Ուրցաձոր վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծները հարձակվել են իրենց կացարանի մոտ հայտնված մի մարդու վրա ու վնասել նրա ուսը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց բնապահպան Սիլվա Ադամյանը` տարակուսանք հայտնելով, թե ինչու է այդ անձը հայտնվել առյուծների կացարանի մոտ:
«Երեկ գիշերը մեզ լուրեր հասան, թե առյուծները հոշոտել են մարդուն, սակայն հետո պարզեցինք, որ հոշոտելու մասին խոսք չկա, հարձակվել ու վնասել են այդ մարդու ուսը: Իսկ թե ինչ գործ ուներ այդ մարդը կենդանիների վերականգնողական կենտրոնում, դա արդեն հարց է»,-ասաց բնապահպանը:
Ավելի ուշ պարզվել է, որ մարդը, որին վնասել է առյուծը, Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչներից մեկն է: Արալեզի գյուղապետ Մարտիկ Թևոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 44-ամյա Արտյոմ Ավետիսյանն է եղել, որն այժմ թևի և ուսի վնասվածքով գտնվում է Հերացի համալսարանական կլինիկայում:
«Հարազատների հետ եմ խոսել, ասում են` երեք-չորս ժամ վիրահատել են, հիմա պարզ չի` թևը կմնա՞, թե՞ կհեռացնեն», -փոխանցեց պարոն Թևոնյանը:
Նրա խոսքով, «մի քիչ կերած-խմած են եղել», ցանկացել են տեսնել` ինչ կենդանիներ են, մոտեցել են ու կատարվել է անխուսափելին:
«Մոտեցել, ձեռք ա գցել, շոյել ա ու առյուծն էլ պատասխանել ա նրա վրա հարձակվելով: Թե ինչ գործ ունեիր առյուծի մոտ էիր մտնում: Իսկական մենամարտ ա եղել առյուծի հետ», -նշեց գյուղապետը:
Նրա փոխանցմամբ, Ավետիսյանի հայրն էլ ժամանակին «արջի հետ է կռվել»:
«Էն սովետի վախտերը նրա հայրը մեղու էր պահում, արջը եկել էր մեղվանոցի վրա, սա էլ վերցրել, կռվել ա արջի հետ», -պատմեց գյուղապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան