Լեոնիդ Ենգիբարյանն առաջին անգամ ծաղրածուական արվեստում կրկեսային հնարքը միացրեց թատերական կերպարին. Սոս Պետրոսյան
«Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ուղին ընդամենը տաս տարի է տևել, սակայն այդ կարճ ժամանակահատվածում նա հասցրել է դառնալ դասական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:
Նրա խոսքով, նույնիսկ լինելով Ենգիբարյանի աշակերտը, իր համար շատ բարդ է գնահատել նրա արվեստը:
«Ռուսները համարում են, որ Ենգիբարյանի արվեստը ռուսական ուղղվածություն ուներ, եվրոպացիներն ասում են՝ եվրոպական, հայերն էլ ասում են՝ հայկական: Մինչև հիմա չեմ հասկանում, թե բոլոր դեպքերում որն է եղել նրա արվեստի մեծությունը»,- նշեց Ս.Պետրոսյանը:
Նա շեշտեց, որ Լեոնիդ Ենգիբարյանն առաջին անգամ ծաղրածուական արվեստում կրկեսային հնարքը միացրեց թատերական կերպարին:
«Ենգիբարյանը տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին, մեծ հմտությամբ անում էր բոլոր ժանրերի ամենաբարձ հնարքները»,- ասաց Սոս Պետրոսյանը:
Ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 81 տարի առաջ մարտի 15-ին:
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է Մոսկվայում։ 1955-ին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի նորաբաց կլոունադայի բաժինն է ընդունվել: Ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956-ից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։
1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում։ 1962 թվականին արտիստին առաջարկել են կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։ 1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերն ամենահաջողն են եղել Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Նա գրել է նաև արձակ ստեղծագործություններ։
Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը(«Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։
Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972թ. հուլիսի 25-ին;