Անկարայում ահաբեկչությունից հետո Թուրքիան գրոհել է քրդերի դիրքերն Իրաքում
Անկարայում հնչած պայթյունից հետո, որին զոհ են գնացել 37 մարդ, Թուրքական օդուժը գրոհել է քրդերի դիրքերը Հյուսիսային Իրաքում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Օդային հարվածները հասցվել են Թուրքիայում ահաբեկչական կառույց հռչակված Քրդական բանվորական կուսակցության (PKK) զենքի պահեստներին և ապաստարաններին:
Հաղորդվում է նաև, որ թուրքական իշխանությունները պարետային ժամ են հայտարարել երկրի հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ Շիրնակ քաղաքում:
Թուրքական զինուժի գործողություններին արձագանքել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը, ով մասնավորապես նշել է, թե բռնությունը խթանելու փոխարեն թուրքական կողմը պետք է բանակցություններ սկսի քրդերի հետ:
«Ահավոր է կրկին այսքան զոհեր տեսնելն ու քաոսային իրավիճակի բախվելը, որն առաջացել է այս ահաբեկչության հետևանքով: Սա շատ լուրջ ահաբեկչական գործողություն է, որը վախ է սերմանում ամբողջ երկրի բնակչության մեջ: Ցավոք սրտի սա ինչ-որ անսովոր բան չէ, այլ մի երևույթ է, որը մենք շարունակաբար տեսնում ենք արդեն երկար ժամանակ: Մենք կարող ենք միայն կոչ անել չբորբոքել բռնությունը, այլ փորձել առաջիկայում բանակցություններ սկսել քրդերի հետ: Դա կլիներ առաջ շարժվելու համար ճիշտ ճանապարհ»,-նշել է Շվեդիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ Գյուվեն զբոսայգու մոտակայքում, ահաբեկիչները մեքենա են պայթեցրել, որի արդյունքում 37 մարդ է զոհվել: Առայժմ ոչ մեկ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության կազմակերպման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում