Էլէներգիայի հաշվիչների ժամերի խախտման վերաբերյալ ՀԾԿՀ-ն գնահատական կտա
Էլեկտրաէներգիայի հաշվիչների ժամային տվյալների խախտումների ու հավելագրումների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կատարվել է քննարկում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար կազմի հետ միասին: Այդ մասին այսօր խորհրդարանում պատգամավորներին զեկուցեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում հանձնարարավել է հետևողականորեն ուսումնասիրել ու տալ հստակ գնահատականներ, ձեռնարկվել են միջոցառումներ նման խախտումները հետագայում բացառելու նպատակով:
«Հաշվիչների ժամերի խախտման փաստացի ուսումնասիրության նպատակով հարուցվել է վարչական վարույթ և սահմանված ժամկետում հանձնաժողովը կտա համապատասխան գնահատական», -հայտարարեց Նազարյանը:
Նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ-ին հանձնարարվել է իրականացնել գույքագրում ստուգելու առևտրային հաշվիչների համապատասխանությունը էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններից (ԷՄՕԿ) բխող պահանջներին, ցուցմունքի տեսանելիությունը, էլեկտրոնային հաշվիչների ժամերի ճշտությունը:
«Կարող եմ նաև սպառողներին հիշեցնել, որ համաձայն գործող կարգի, սպառողը կարող է լրացուցիչ կնքել իր առևտրային հաշվիչը՝ թեկուզ սոսինձով իր ստորագրությամբ կամ տարբերանշանով թուղթ փակցնելով: Եթե հաշվիչը տեղադրված է առանձին արկղում, կարող է կնքել նաև ամբողջ արկղը», -նշեց ՀԾԿՀ նախագահը: