Մերձավորարևելյան հակամարտությունը սպառնում է տեղափոխվել Կովկաս. SIPRI
Հակամարտությունների, սպառազինությունների տարածման ուսումնասիրություններով զբաղվող միջազգային SIPRI ինստիտուտը հրապարակել է հոդված, որտեղ վերլուծել է Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում 5-րդ տարին շարունակվող պատերազմի հնարավոր ազդեցությունները Հարավային Կովկասում:
Հոդվածի հեղինակ Նեյլ Մելվինը դիտարկել է ինչպես սիրիական հակամարտությունը, այնպես էլ դրա հիմքի վրա առաջ եկած ռուս-թուրքական հարաբերությունների լարումը, որի ուղղակի դրսևորումներն ի հայտ եկան նաև Հարավային Կովկասում: Հեղինակը նկատել է, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքները Սառը պատերազմից հետո վատագույն ազդեցությունն ունեցան ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Հրապարակման մեջ հիշատակվել է թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպքը, ինչից հետո, ըստ հոդվածի հեղինակի` Ռուսաստանը սկսեց Հայաստանին մատակարարել սպառազինությունների հերթական մեծաթիվ խմբաքանակը: Հեղինակը, մասնավորապես` հիշատակել է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար վարկը, որը նախատեսված էր նույն Ռուսաստանից սպառազինություն գնելու համար:
Ներկայացնելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը, հեղինակը գրել է. «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, որպես կանոն, դիտարկվում է Հարավային Կովկասի անվտանգության համատեքստում և մասնավորապես` կապվում է ղարաբաղյան հակամարտության հետ: Դրա համար հիմքեր են ստեղծվել դեռևս 1990-ական թվականներին, որպեսզի կանխարգելվի ի շահ Բաքվի Թուրքիայի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում: Այս ճնշումների հետևանքով Թուրքիայի սահմանը Հայաստանի հետ 1993թ-ին փակվեց: Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության աճը բերեց նրան, որ ռուսական ռազմական օբյեկտները սկսեցին դիտարկվել որպես հիմնական բազա` հարևան երկրներին, մասնավորապես` Թուրքիային հարված հասցնելու համար»:
Հրապարակման համաձայն` Սիրիայում հաստատված փխրուն զինադադարը հաստատվեց այն պահին, երբ վտանգ կա, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները տեղափոխվեն Կովկաս: Հեղինակը Մոսկվայում Սիրիայի հյուսիսարևելյան Քրդստանի ներկայացուցչության բացումը թույլատրելը դիտում է որպես տարածաշրջանային կայունությունը խաթարող հերթական քայլ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում