Քոչարյանը կապ չունի կուսակցության հետ, որը կստեղծեմ ես. Վարդան Օսկանյան
«Իմ կողմից ստեղծվելիք կուսակցությունը բացարձակ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ: Քոչարյանը կապ չունի, բայց ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից»,- այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին ԲՀԿ-ական, պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հաստատել էր տարբեր խոսակցությունները իր` կուսակցություն ստեղծելու մասին:
Նա բազմիցս կրկնեց, որ ինքը խնդիր չունի ցույց տալ, թե իր ստեղծելիք կուսակցությունը կապ ունի Քոչարյանի հետ ու հավելեց. «Ես այդպիսի խնդիր չունեմ: Վարդան Օսկանյանի ռեսուրսով եմ պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ, մեր անելիքներով ու մեր ծրագրով»:
Նրա կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը «բազմաթիվ թերություններ» ունեցել է, բայց նաև մեծ հաջողություններ էլ է ունեցել` «հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ու արտաքին քաղաքականության ֆոնին»:
Ավելին, նրա խոսքով, հասարակությունը, ժողովուրդը շատ հարցերում դրականորեն է հիշում քոչարյանական ժամանակաշրջանը:
«Եկեք ամեն ինչ չսևացնենք», -հավելեց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե կօգնի՞ Քոչարյանի անունը իր կուսակցությանը, թե՞ ոչ, պատգամավորը պատասխանեց. «Կուսակցությունը կլինի, կաշխատեն, ժողովուրդը իր գնահատականը կտա»:
Նա, սակայն, անուններ չտվեց, թե ովքե՞ր են անդամագրվելու իր ղեկավարած կուսակցությունում: Լրագրողների դիտարկմանը`ԲՀԿ-ից հեռացած կամ հեռացողները կլինե՞ն, ասենք` Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, նա արձագանքեց. «Ոչ հաստատելու եմ, ոչ հերքելու եմ: Այն պահին, երբ վերջնական որոշում կլինի կիմանաք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան