Ուշադրություն. Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս
Մարտի 18-ի և 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -2...-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -4...-5 աստիճան ցուրտ: Նման կանխատեսում են արել հայ օդերևութաբաները:
Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նշված ջերմաստիճանային ռեժիմի գրանցման դեպքում կարող են վնասվել ծաղկած այգիները, մասամբ` նաև ծառերի ուռչած բողբոջները:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ներկայումս Արարատյան հարթավայրում և Մեղրու տարածաշրջանում ընթացքի մեջ է ծիրանենու ծաղկումը, ուռչել են կեռասենու, դեղձենու և այլ կորիզավորների բողբոջները, Տավուշի մարզի ցածրադիր հատվածներում ծաղկել են նշենին, վաղահաս դեղձենին, սալորենու որոշ տեսակներ և այլն:
«Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին` այգիների հարակից ճանապարհների վրա քամու ուղղությամբ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, ծառի ճյուղերի, արքադի, աթարի և այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ 00C –ի` այրել (ծխեցնել) նշված կույտերը` ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել:
Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի խորհուրդ է տրվում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում` ապահովելով դրական ջերմաստիճանային պայմաններ:
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների վերաբերյալ նոր և առավել ճշտված տեղեկատվություն ստանալու դեպքում նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ»,-ասված է նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյան. Հայաստանին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում
- Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ը կնվազի 8-10 աստիճանով
- Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է