Լևոն Հովսեփյան. Թուրքիայում հնարավոր են նոր ահաբեկչություններ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան այցից առաջ արդեն երկորրդ անգամ Անկարայում պայթյուն է որոտում: Նման օրինաչափություն է նկատել թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Panorama.am-ի հետ զրույցում թուրքագետը նշեց, որ թուրքական մամուլն էլ սկսել է քննարկել հարցն այդ համատեքստում:
«Ըստ թուրքական մամուլի, ամեն ինչ արվում է, որպեսզի Էրդողանն այդպես էլ Բաքու չհասնի»,-ասաց նա:
Լ. Հովսեփյանը նշեց, որ թուրքական մամուլում որոշակի տեղեկատվություն կա, թե ում ձեռքի գործն են պայթյունները, կրկին խոսվում է Քրդստանի ազատության բազեների մասին:
«Այսինքն այն կառույցի, որն իրականացրեց փետրվարի 17-ի ահաբեկչությունը»,-մանրաասնեց թուրքագետը:
Նրա խոսքով, Անկարայում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու խոշոր ահաբեկչությունների իրականացումը վկայում է այն մասին, որ Թուրքիայի իշխանությունների ներքաղաքական ու տարածաշրջանային քաղաքական պրոցեսները հանգեցրել են այն բանին, որ Թուրքիան այժմ գտնվում է բավականին բարդ հանգրվանում:
«Այդ պայթյունները մեծ հաշվով Թուրքիայի վարած թե ներքին, թե տարածաշրջանային քաղաքականության ուղղակի հետևանքներն են»,-ասաց նա:
Հովսեփյանը նշեց, որ այս պահին բավականին ինտենսիվ ռազմական գործողություններ են իրականացվում Թուրքիայի տարածքում՝ քրդերի դեմ ու սահմաններից դուրս՝ Իրաքի տարածքում:
«Բոլոր նախանշանները կային, որ Քրդստանի բանավորական կուսակցությունը թուրքական բանակի կողմից իրականացրած ռազմական գործողությունների մեծ կորուստներից հետո ձեռնամուխ է լինելու խոշոր քաղաքներում առավել կոշտ գործողությունների: Դեռևս վաղ է նման եզրակացություն անել, բայց տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս, որ Թուրքիան գտնվում է բավական բարդ ու վտանգավոր փուլում»,-ասաց նա, չբացառելով Թուրքիայում ահաբեկչությունների կրկնությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջին 5 ամսվա ընթացքում տեղի ունեցած արդեն 3-րդ ահաբեկչական պայթյունը բազմաթիվ մարդկանց կյանք է խլել: Անկարայի Քըզըլայ շրջանում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 30, դեպքից հետո՝ հիվանդանոցում՝ ևս 4 մարդ: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ զոհերի թիվը հասել է 37-ի:
Թուրքիայի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվը 125 է, նրանցից 19-ի վիճակը ծանր է: Մտավախություն կա, որ զոհերի թիվը դարձյալ կարող է աճել: Դեպքի վայրում մեծ թվով մեքենաներ են այրվել, տուժել են տարածքի մի շարք շենքեր: Պայթյունի հուժկու ձայնը լսվել է քաղաքի հեռավոր ծայրերում:
«Էրմենիհաբոր»-ի փոխանցմամաբ, պայթյունից հետո Թուրքիայի ինտերնետի գործուներությունը կարգավորող 5156 օրենքով առաջնորդվող կապի և հեռահաղորդակցության վարչությունն արգելել է դեպքին վերաբերող լուսանկարների ու տեսագրությունների տարածումը սոցցանցերում: Արդյունքում ներկա պահին երկրում անհասանելի կամ ծայրահեղ դժվար հասանելի են մասնավորապես Facebook և Twitter կայքերը:
Մի քանի երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել ձեռնպահ մնալ Թուրքիա մեկնելուց:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայում ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ. ԶԼՄ-ներ
- Անկարայում ահաբեկչությունից հետո արգելափակել են Facebook և Twitter սոցիալական ցանցերը
- ՀՀ ԱԳՆ դատապարտում է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը
- Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի
- Լևոն Հովսեփյան. Անկարայի պայթյունից հատուկ ծառայությունների հոտ է գալիս