Գյուղացին նույնիսկ մատչելի պարարտանյութ գնելու հնարավորություն չունի
Գյուղացիների մեծ մասն այսօր հողը մշակում է այնքան, ինչքան թույլ են տալիս հնարավորությունները: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, որ այդ պարագայում ոչ բարձր բերքատվությունը կապահովվի, ոչ էլ որակական հատկանիշները:
«Շատ կարևոր է արտադրվող արտադրանքի որակը: Պետք է անպայման փորձել ստանալ այնպիսի արտադրանք, որն իր որակական ու համային հատկանիշներով, տեսքով մրցունակ լինի արտաքին շուկայում»,-ասաց փոխնախարարը:
Նման արտադրանք ստանալու կարևոր նախապայմաններից մեկը հողի՝ անհրաժեշտ չափով պարարտացումն է: Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ նախկինի համեմատ պարարտանյութերի վաճառքի ծավալները կրճատվել են:
Պետրոսյանը հիշում է, որ խորհրդային տարիներին սպառվում էր 120 հազար տոննա ֆոսֆորական պարարտանյութ, հիմա այդ թիվը մի քանի անգամ կրճատվել է:
«Գյուղանտեսության նախարարությունը հիմա ընդամենը մի քանի հազար տոննա ֆոսֆորական պարարտանյութ է ներմուծել, որը շուկայականից 50 տոկոս ավելի էժան է՝ 1 պարկը 7 հազար դրամ: Սպառումը շատ քիչ է: Այսօր 2-3 հազար տոննա չի սպառվում»,-ասաց գյուղնախարարության պաշտոնյան:
Նա գիտի, որ իրականում պարարտանյութի մեծ պահանջարկ կա, սակայն գյուղացին այն ձեռքբերելու հնարավորություն չունի: Գյուղացուն օգնելու համար պետությունը գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում է իրականացնում, ինչի արդյունքում տարեկան 14 տոկոս տոկասդրույքով վարկը գյուղացիներին տրվում է 8 տոկոսով:
«Պետությունը շուրջ 1 մլրդ 163 մլն դրամ սուբսիդիա է տրամադրում: Սա լուրջ գումար է, բայց նորից եմ նշում, դա դեռևս բավարար չէ»,-ասաց Գ. Պետրոսյանը, հիշեցնելով, որ եթե այգին լիարժեք չի պարարտացվում, ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները լիարժեք չեն իրականացվում, ապա բարձրորակ ու առատ բերքի, առավել ևս շահույթի մասին խոսելն ավելորդ է:
Բարձր բերքատվության ապահովման առումով պաշտոնյան մատնացույց է անում եվրոպական երկրների հաջողված փորձը:
«Հայաստանում դեռևս օգտագործում են այն նույն հնարավորությունները, ինչ 100-200 տարի առաջ: Մինչդեռ այսօր կյանքը բավականին առաջ է գնացել, և այսօր ինտենսիվ այգիներ են հիմնում»,-ասաց Պետրոսյանը:
Սովորական պայմաններում 1 հա հողամասում տեղադրվում է շուրջ 200 ծիրանենի, իսկ եվրոպական երկրներում առնվազն եռապատիկ, քառապատիկ կամ հնգապատիկ ավելի ծառ: Դրանք ավելի կարճ են, հետևաբար, խնամքի աշխատանքներն ու բերքահավաքն էլ ավելի հեշտ է, ստացվում է բարձրորակ արտադրանք:
Միաժամանակ նախարարի տեղակալն ընդունում է, որ նման ծրագրերի իրականացման համար լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր:
«Եթե որակական առումով, հատկապես համային հատկանիշներով մեր գյուղացիական մթերքները միանշանակ մրցունակ են, և շատ դեպքերում մեր ապրանքանիշի անվան տակ մեր հարևան երկրները ներկայացնում են իրենց արտադրանքը, սակայն առանձին դեպքերում գնային առումով մեր արտադրանքը մրցունակ չէ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան