Հալեպահայ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվում է Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոնում
Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Մեկ աշխարհ» 18-րդ միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում ներկայացվում է 62 երկրից 123 հեղինակային ֆիլմ, այդ թվում նաև հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմը: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Չեխական հայտնի փառատոնը մեկնարկել է մարտի 7-ին, կշարունակվի մինչև մարտի 16-ը:
«Տներ առանց դռների» ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքը, որը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր փոքրիկ տեսախցիկով նկարահանել է շրջանի ավերածությունները, բնակչությանը, ով դիմագրավել էր դժվարությունները և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:
Հիշեցնենք, որ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմն անցած ամիս ներկայացվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում, լայն արձագանք գտել ու բարձր գնահատվել միջազգային տարբեր շրջանակների կողմից: Օտարալեզու մամուլը ևս անդրադարձել է սիրիահայ բեմադրիչի ֆիլմին:
Ա.Գաբրիելյանը տարբեր երկրից հրավեր է ստացել՝ ներկայացնելու իր ֆիլմը:
Ավո Գաբրիելյանի ֆիլմը Պրահայում ներկայացվել է մարտի 11-ին, 13-ին, կներկայացվի նաև մարտի 15-ին:
Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվելու է Բեռլինի միջազգային կինոփառատոնում
- Սիրիահայ ձերբակալված ռեժիսորն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան