Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը
Իրանը չի ֆիքսելու նավթի արդյունահանման ծավալը, մինչև այն չհասնի օրական 4 մլն. բարելի: Սա նշանակում է, որ Թեհրանը նպատակ ունի ոչ թե սառեցնել, այլ ընդհակառակը՝ մեծացնել նավթարդյունաբերության ծավալները, քանի որ ներկա պահին Իրանը արդյունաբերում է օրական 2,8 մլն. բարել նավթ: Այս մասին գրում է «Газета.ru»-ն:
Ռուսաստանը, ով նավթարդյունաբերության մակարդակի սառեցման գաղափարի նախաձեռնողներից է, նախկինում արդեն հայտարարել է, որ Իրանի համար գործելու է «առանձին մոտեցում», սակայն Իրանի մոտեցումն այս հարցի շուրջ ինքնին կարող է հանգեցնել գլխավոր նավթային երկրների արդյունահանման մակարդակի սառեցման գաղափարի ձախողմանը:
Այսօր՝ մարտի 14-ին, Թեհրանում սպասվում է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեի հանդիպումն իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Ալեքսանդր Նովակի հետ: Ինչպես նախապես հայտարարել է Զանգանեն՝ կողմերը քննարկելու են նավթային քաղաքականությունը, սակայն նավթարդյունաբերության մակարդակը սառեցնելու մասին քննարկում Իրանը կվարի այն ժամանակ, երբ արդյունահանման ծավալները հսնեն օրական 4 մլն. բարելի:
Զանգանեի խոսքով՝ մինչև հիշյալ մակարդակին հասնելը, մյուս երկրները պետք է Իրանին «հանգիստ թողնեն»:
Փետրվարի կեսերին Ռուսաստանը, Սաուդիան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան համաձայնության եկան նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու և այն հունվարի արդյունաբերության մակարդակի վրա պահելու շուրջ:
ՕՊԵԿ-ի երկրները և կազմակերպության մեջ չմտնող մի շարք նավթարդյունահանող երկրներ պաշտպանեցին այս գաղափարը, սակայն Իրանը, ով ֆորմալ ձևով աջակցում էր ծրագրին, ավելի ուշ այն որակեց «անտրամաբանական» և անգամ «ծիծաղելի»:
«Մենք չենք պատրաստվում ինքներս մեզ պատժամիջոցների ենթարկել դրանցից ազատվելուց հետո»,-հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ամիդ Հոսեյն Զամանինիան: