Կարապետ Չալյան. «Երբ ադրբեջանցու հետ եմ գոտեմարտում, հաղթելու ցանկությունս կրկնապատկվում է»
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում կիսվել է Եվրոպայի առաջնությունից ստացած տպավորություններով:
- Շնորհավորում եմ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Ձեր նորամուտի և նվաճած բրոնզե մեդալի առթիվ: Պատմեք, խնդրում եմ, անցկացրած գոտեմարտերի մասին:
- Շնորհակալ եմ: Լավ էի սկսել գոտեմարտերս, երկու հաղթանակ տոնեցի, սակայն պարտվեցի վրացի ըմբիշին՝ թույլ տալով սխալ, որը և պարտությանս միակ պատճառը եղավ: Չէի սպասոմ, որ նա այդպիսի հնարք կկիրառի:
- Նախկինում մրցե՞լ էիք վրացի ըմբիշի հետ:
- Ոչ, առաջին անգամ ենք հանդիպում, կարող եմ ասել, եթե այդ հնարքը չլիներ, որից ես չկարողացա դուրս գալ, գոտեմարտն այլ ընթացք կունենար:
- Բրոնզե մեդալի համար պայքարում սովորականից ավելի ագրեսիվ էիք: Պատճառն ա՞յն էր, որ մրցակիցն ադրբեջացի էր, թե մեդալ նվաճելու Ձեր ցանկությունն էր շատ մեծ:
- Բնականաբար, երբ ադրբեջանցի մարզիկի հետ եմ գոտեմարտում, հաղթելու ցանկությունս կրկնապատկվում է, բացի այդ, շատ էի ցանկանում Եվրոպայի մեծահասակների առաջին առաջնությունում մեդալ նվաճել: