Իսրայելի հարուստ փորձը չափազանց կարևոր է մեր երկրի համար. գյուղնախարար
Հայաստան ժամանած իսրայելցի մասնագետների պատվիրակությանը Երևանում մարտի 14-19-ը կանցկացնի «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ու «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի համատեղ իրականացվող «Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության ռազմավարություն և գործողությունների ծրագրի» շրջանակում: Այս մասին հայտնում են ԳՆ մամուլի ծառայությունից:
«Իսրայելի հարուստ փորձը գյուղատնտեսության ոլորտի զարգացման բնագավառում, որը հիմնված է գիտական վերջին նորարարությունների վրա, չափազանց կարևոր է մեր երկրի համար: Համոզված եմ, որ այս դասընթացը շատ հետաքրքիր և օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար»,-ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս բնագավառում երկու երկրների միջև առկա է չիրացված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնել մեծ արդյունքների:
Հանդիպման մասնակիցները նախարարին համառոտ ներկայացրել են դասընթացի հիմնական թեմաներն ու մեթոդաբանությունը և ընդգծել, որ հիմնական շեշտը դրվելու է գյուղատնտեսության քաղաքականությունը ու գործնականում դրա կիրառումը առավելագույնս միմյանց մոտեցնելու սկզբունքի վրա:
Վստահություն հայտնելով, որ նման դասախոսությունները շարունակական բնույթ կկրեն և կընդգրկեն շահագրգռված անձանց լայն շրջանակ` նախարարը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել դասընթացի մասնակիցներին: