ԵՏՄ-ից ներկրված մեքենաների ԱԱՀ-ի չգանձումը բերելու է էժանացման. Էդուարդ Հովհաննիսյան
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դրական է համարում ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջը կհանվի:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար 20 տոկոս ԱԱՀ-ի չգանձումը բերելու է Հայաստանում մեքենաների էժանացման:
«Այսինքն՝ մարդիկ հնարավորություն կունենան 2-3 հազար դոլարանոց մեքենաներ գնել»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ԱԱՀ-ից ազատումը ունի նաև բացասական կողմեր. «Բնական է, որ մարդիկ կսկսեն ավելի շատ մեքենաներ ներկրել, ինչի հետևանքով երթևեկությունը կծանրաբեռնվի, խցանումները, վթարները կավելանան»:
Ուստի Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում էլ պետք է ընդունվի որոշում, որի համաձայն՝ հին մեքենաների ներկրումը սահմանափակվի, ինչպես օրինակ՝ արել է Վրաստանը. «Հակառակ դեպքում Հայաստանը կդառնա մետաղի թափոնի կուտակման վայր»:
Հիշեցնենք, որ Կառավարությունն այս որոշումը կայացրեց այն ժամանակ, երբ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան այս տարվա փետրվարին հայտարարեց, որ երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
Նշենք նաև, որ գործադիրի նիստում հավանության արժանացավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորները նույնպես առաջարկում են փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու պարագայում ԱԱՀ-ը կհանվի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով վերոնշյալ երկու նախագծերը կհամատեղեն:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով՝ փաստորեն մարդկանցից ավտոմեքենաների ներկրման համար առանց որևէ հիմնավորման մեկ տարի գանձել են ԱԱՀ, և հիմա հարց է առաջանում՝ արդյոք պետությունը հետ կվերադարձնի այդ գումարները:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու պարագայում ԱԱՀ-ը կհանվի
- Վարչապետը՝ ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան