«ՀԱՖՆ90» խորագրով անցկացվում են հոբելյանական միջոցառումներ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90- ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները դեռևս նախորդ տարի են մեկնարկել, սակայն ամենամեծ անդրադարձը կլինի այս տարի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արամ Խաչատրյան» համերգասրահի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
Նա նշեց, որ 2015-ին՝ Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, նվագախումբն ավելի շատ ելույթներ ունեցել է արտերկրեում՝ երաժշտության միջոցով աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելով այդ ողբերգության մասին:
Ռ. Սիրունյանը տեղեկացրեց, որ այս տարի հոբելյանական համերգաշարի մեկնարկը տրվել է մարտի 4-ից՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին նվիրված համերգով: Հոբելյանական միջոցառումներն անցկացվում են «ՀԱՖՆ-90» խորագրի ներքո` ընդգրկելով 7 համերգ, «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի մեկամսյա ցուցահանդես, գիտական կոնֆերանս, այցելություն ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորների շիրիմներին, Արշակ Ադամյանի հուշաքարի բացում և այլն:
Ռ.Սիրունյանն ասաց, որ միջոցառումների գագաթնակետն է Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 29-ին և 31-ին կայանալիք Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային թատերականացված կատարման պրեմիերան:
Ապրիլի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «ՀԱՖՆ-90» ֆիլմի պրեմիերան, իսկ ապրիլի 19-ին կկայանա գալա համերգ, կբացվի ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արշակ Ադամյանի հուշաքարը:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ), հիմնադրվելով 90 տարի առաջ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ համարվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը և այսօր հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն:
Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա.Ադամյանը, Ալ.Սպենդիարյանը, Ս.Չարեքյանը, Գ.Բուդաղյանը, Կ.Սարաջյանը, Մ.Մալունցյանը, Օ.Դուրյանը, Մ.Տերյանը, Ռ.Վարդանյանը, Ա.Քաթանյանը, Դ.Խանջյանը Վ.Գերգիևը, Վ.Պապյանը, Մ.Ավետիսյանը և Լ.Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերին ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնել է Էդուարդ Թոփչյանը:
Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Նատալիա Գուտմանը, Ջուզեպպե Ջակոմինին, Իզաբել Ֆաուստը, Ջուլյա Ֆիշերը, Պինխաս Ցուկերմանը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը, Պլաչիդո Դոմինգոն, Կիրիլ Գերշտեյնը և այլ հյուրեկ արտիստներ, ինչպես և հայ առաջատար մենակատարներ և սկսնակ խոստումնալից երաժիշտներ: ՀԱՖՆ-ի հետ հաճախակի ելույթ են ունենում նաև հայ անվանի մենակատարներ Սերգեյ Խաչատրյանը, Կիմ Քաշքաշյանը, Սերգեյ Բաբայանը, Իզաբել Բայրաքդարյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ այլոք:
Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Կառլո Ցեկկին, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիևը, ով հինգ տարի շարունակ եղել է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: ՀԱՖՆ-ի հետ սերտորեն համագործակցել են Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան և Ռոդիոն Շչեդրինը: Հեղինակային համերգներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ:
ՀԱՖՆ-ը թողարկել է ավելի քան 40 ձայնասկավառակ, որոնք արժանացել են միջազգային քննադատների բարձր գնահատանքին:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՖՆ-ին անհրաժեշտ է փոխարինող երաժիշտներ և ֆինանսական միջոցներ. Էդուարդ Թոփչյան
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս ամսվա ընթացքում ծրագրել է չորս համերգ
- Էդուարդ Թոփչյանը ղեկավարելու է Մալագայի սիմֆոնիկ նվագախումբը
- Սիմֆոնիկ համերգ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ
- Մաեստրո Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Չինաստանի ամենանշանավոր նվագախմբերից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում