Մենք ողջունում ենք պարոն Օսկանյանի նոր նախաձեռնությունը. Նաիրա Զոհրաբյան
«Պարոն Օսկանյանը պահպանել է մեր պայմանավորվածությունը և երեկվա պաշտոնական հայտարարությունից մեկ շաբաթ առաջ մենք հանդիպել ենք, ու նա ինձ ասել է, որ առաջիկայում կհայտարարի նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին», -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, Օսկանյանը «լուրջ քաղաքական գործիչ է» և ունի բոլոր իրավունքները նոր քաղաքական ուժ ստեղծելու համար:
«Նոր Սահմանադրությունը այլևս այնպիսի քաղաքական օրակարգ է ստեղծում, որ քաղաքականության մեջ մնալու ու գործընթացներին մասնակից լինելու համար անպայմանորեն պետք է լինի քաղաքական ուժ: Մենք ողջունում ենք պարոն Օսկանյանի նոր նախաձեռնությունը և վստահ ենք, որ պարոն Օսկանյանի մոտիվացիաները ազնիվ են», -նշեց Զոհրաբյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի հնարավոր անդամակցությանը Օսկանյանի կուսակցությանը, Զոհրաբյանն ասաց, որ վերջին երկուսը ԲՀԿ անդամներ չեն եղել ու հավելեց. «Ես չեմ բացառում, որ նրանք դառնան այդ կուսակցության անդամ: Որևէ հատուկ ինտրիգ փնտրել պետք չէ»: