ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն դատապարտել է Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության, այդ թվում հայերի նկատմամբ իրականացվող հանցագործությունները, վերջիններս որակելով որպես ցեղասպանություն: Հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Ամերիկահայերը ողջունում են այսօր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քվեարկությունը՝ որպես ԱՄՆ առաջնորդների կողմից հզոր ազդակ ցեղասպանություններին վերջ դնելու համար։ Այդ հարձակումներից շատերն իրականացրել են Մերձավոր Արևելքում Անկարայի դաշնակիցները: Ավելին, ամերիկահայերը այս քայլը գնահատում են որպես ԱՄՆ կողմից ցեղասպան գործողություններին արձագանքելու քաղաքական նպատակահարմարությունից բարոյական գնահատականներով առաջնորդվելուն անցման քայլ»,- ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
Ներկայացուցիչների պալատում թիվ 75 անվանումը ստացած բանաձևը անցել է միաձայն՝ 393 կողմ ձայներով: Բանաձը դատապարտում է «Իսլամական պետության» կողմից Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ասորիների, եզդիների, ինչպես նաև այլ կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործությունները՝ դրանք որակելով ցեղասպանություն: