Ռուսաստանի մոտեցումներում որոշակի հակասություններ կան. Ալեքսանդր Մարգարով
Սիրիական հակամարտությունում Ռուսաստանի ներգրավվածությամբ լուծվեցին տարբեր խնդիրներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Ըստ նրա, ՌԴ-ն իր գործողություններով նպաստեց, որ ամրապնդվեն Սիրիայի նախագահի դիրքերը, համաշխարհային հանրությունը հաշվի է առնում Ռուսաստանի ներկայությունը, պոտենցիալ ներգրավվածությունն այդ տարածաշրջանում, մյուս կողմից ՌԴ-ն դառնում է այնպիսի դերակատար, որի հետ կարելի է համագործակցել նույն սիրիական հարցի շուրջ:
Քաղաքագետը նաև նշեց, որ Ռուսաստանի մոտեցումներում, հայտարարություններում որոշակի հակասություններ կան:
«Ռուսաստանը մի կողմից հայտարարում է, որ շարունակելու է սիրիական հակամարտության գործում ունենալ ներգրավվածություն այնքան ժամանակ, ինչքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայացվածություն կունենա Սիրիայում, մյուս կողմից էլ Ռուսաստանի նախագահը Սիրիայից օդուժը դուրս բերելու հրաման է արձակում»,- ասաց Ա.Մարգարովը՝ հավելելով, որ տարբեր մարդկանց, քաղաքական շրջանակների կողմից Պուտինի այլ քայլը տարբեր կերպ է մեկնաբանվում:
Ըստ նրա, այն մարդիկ, ովքեր օժանդակում են Ռուսաստանին, հայտարարում են, որ ռուսական կողմի ռազմական գործողությունների շնորհիվ, որոնց իրականացման համար մեկ օրվա ընթացքում ծախսվում էր 2,5 միլիոն դոլար, ահաբեկիչներից ազատագրվել է 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք, 200 բնակավայր, իսկ այժմ պատրաստ է որոշ չափով ետ կանգնել ռազմական գործողություններից՝ նպաստելով Ժնևում տեղի ունեցող բանակցային գործընթացին: Ինչպես նաև այն կարծիքն են առաջ քաշում, որ Ռուսաստանի ներգրավվածության հետևանքով Սիրիան մնաց որպես մեկ միասնական պետություն, ապահովվեց Սիրիայի նախագահի թիկունքը, միաժամանակ այդպես միջազգային հանրությանը ցույց տվեց սեփական դերն ու նշանակությունը Միջին Արևելքում և ահաբեկչության դեմ պայքարում:
Ա. Մարգարովի խոսքով, նրանք, ովքեր բացասական են վերաբերվում ՌԴ-ին կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նույն փաստերի վրա հենվելով՝ այլ մեկնաբանություններ են անում. «Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ շարունակել ռազմական գործողությունները երկու ճակատում՝ Սիրիայում և Ուկրաինայում, Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները ծանր հետևանքներ են ունենում Ռուսաստանի համար, Ռուսաստանը նահանջ է կատարում այն քաղաքականությունից, որն իրականացնում էր Սիրիայում, հաջորդ քայլն, ըստ էության, կարող է լինել Ուկրաինան»:
Քաղաքագետի կարծիքով, գուցե ճշմարտությունն այս երկու մոտեցումների մեջտեղում է: Միաժամանակ, ըստ նրա, ՌԴ-ն ամբողջությամբ իր զորքերը դուրս չի բերում և անհրաժեշտության դեպքում Սիրիայում սեփական ռազմական ներկայությունը մեծացնելը ժամանակի հարց է: