Մեղքերի թողություն՝ ըստ Էդուարդ Շարմազանովի
«Մեր հասարակության մոտ մեզանից՝ պատգամավորներիցս սպասելիքները շատ են: Առաջնային մանդատ ունեցող պատգամավորներ ենք և բնականաբար, մեր հանրությունը շատ ավելի մանրակրկիտ է յուրաքանչյուրիս գործունեությունն ուսումնասիրում», -այսօր Ազգային ժողովում կարգազանց պատգամավորների վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, անվիճարկելի է, որ պատգամավորները պետք է լինեն բարեկիրթ:
«Ինձնից սկսած բոլորս ունենք թերություններ: Ես, օրինակ, վարելու ընթացքում ունենում եմ թերություններ: Ես նաև ուզում եմ իմ ներողամտությունը հայցել այն բոլոր գործընկերներին, ում որ միգուցե ոչ կոռեկտության պայմաններում, չգիտակցված կամ պահի ազդեցության տակ ավելի զգացմունքային ելույթներ եմ ունեցել, որպեսզի նաև իրավունք ունենամ կոչ անելու իմ գործընկերներին:
Բայց իմ կոչը հետևյալն է՝ աշխատենք այս դահլիճում բարեկրթության պայմաններում: Բոլորս: Ոչ միայն կրկնաքվեարկությունները, ոչ միայն մեկը մյուսի փոխարեն քվեարկությունը բացառենք, այլ առհասարակ, փորձենք զերծ մնալ անձերի դեմ պայքարից: Փորձենք քննարկել բացառապես երևույթները, օրենսդրական նախաձեռնությունները, փորձենք լսել մեկս մյուսին, փորձել չբղավել, եթե իշխանության ներկայացուցիչը խոսք է ասում: Ես ուզում եմ, որ բոլորիս երեխաներն ապրեն ավելի բարեկիրթ Հայաստանում, իսկ Ազգային ժողովն այն տեղն է, որ այդ նշաձողը պետք է սահմանվի: Շատ դեպքերում գռեհկությանը բարեկրթությամբ պատասխանենք:
Ես լավատես եմ. ես կպաշտպանեմ այդ նախագիծը ու կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր կարող է այդ նշաձողին հավակնել», -իր ելույթում ասաց Շարմազանովը: