Թուրքիայի քրդաբնակ բնակավայրերում սահմանվում է պարետային ժամ
Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիրի մարզի Քայնարթափ բնակավայրում հայտարարվել է պարետային ժամ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան ավելի վաղ հայտարարել էր երկրի հարավ-արևելյան երեք շրջաններում՝ Հակարի մարզի Յուկսեկով, Շիրնակա մարզի համանուն համայնքում, ինչպես նաև Մարդին մարզի Նուսայբինե բնակավայրում Քրդական աշխատավորական կուսակցության անդամների դեմ հակաահաբեկչական նոր գործողություններ սկսելու մասին: Հայտարարությունից հետո տեղի իշխանությունները նշված բնակավայրերում սահմանել են պարետային ժամ:
«Անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին չեզոքացնելու, բարիկադների քանդման, ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման նպատակով, ինչպես նաև քաղաքացիների և նրանց ունեցվածքի անվտանգության ապահովման համար մարտի 15-ի ժամը 3:00-ից Քայնարթափի շրջանի Բագլար գավառում հայտարարվել է պարետային ժամ»,- ասված է տեղի իշխանությունների տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ թուրքական իշխանությունները 2015թ. դեկտեմբերին պարետային ժամ էին սահմանել երկրի հարավ արևելյան հատվածում, որտեղ տեղի են ունեցել փողոցային բախումներ քրդական աշխատավորական կուսակցության անդամների և ոստիկանների միջև: Առավել երկար ձգված գործողությունները տեղի են ունեցել Դիարբեքիր քաղաքում՝ մոտ 3 ամիս: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներով նախորդ տարվա դեկտեմբերի կեսերից մինչև օրս ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ զինյալ: Սակայն պրոքրդական «ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայտարարությամբ այդ գործողություններին զոհ են գնացել նաև տասնյակ խաղաղ բնակիչներ: