Ածխածնից զերծ քաղաքը ուտոպիա չէ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
Այսօր Երևանում առկա հիմնական խնիդրներն են՝ քաղաքային տրանսպորտ, ջրահեռացում, թափոնների վերամշակում, հանրային լուսավորություն: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով կազմակերպած համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումների շարք են իրագործում, որպեսզի հնարավոր լինի միասին պատասխանել, դիմագրավել տնտեսական և համաշխարհային մարտահրավերներին. «Պետք է համատեղել տնտեսական աճը, քաղաքային զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը՝ միաժամանակ չվնասելով բնապահպանական իրավիճակին»:
«Ապագայի քաղաքը կայուն, խելացի քաղաքն է»,- ընդգծեց դեսպանը:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով, մոլորակի բնակչության 50 տոկոսը և զարգացած երկրների բնակչության 70 տոկոսն ապրում են քաղաքներում, 2050 թվականին բնակչության 70 տոկոսը կապրի քաղաքներում: Ըստ նրա, քաղաքների զարգացումն ունի ինչպես դրական` աշխատանքի, կրթության, մշակույթի առումով, այնպես էլ բացասական հետևանքներ՝ սոցիալական, տնտեսական և բնապահպանական տեսանկյունից:
Դեսպանը նշեց, որ Երևանում կուտակված է երկրի բնակչության մեծ մասը, պետության բյուջեն հիմնականում ծախսվում է տրանսպորտի և շինությունների էներգետիկ ծախսերը փակելու համար: Ըստ նրա, հայկական քաղաքների և հատկապես Երևանի բնակիչներն ամենազգայունն են էներգիայի և տրանսպորտի ծախսերի ավելացման հարցերի նկատմամբ:
Այս համատեքստում, դեսպանի խոսքով, լավ են հասկանում հայկական քաղաքների ցանկությունը՝բարելավել էներգաարդյունավետությունը, արդիականացնել հանրային լուսավորությունը, վերանայել քաղաքային տրանսպորտի համակարգը, թարմացնել առկա փոխադրամիջոցները:
«Պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆինանսավորող կազմակերպությունները, քաղհասարակությունը, ձեռնարկությունները հստակ գիտակցում են, որ անհրաժեշտ է վերանայել և ունենալ ապագայի քաղաք զերծ ածխածնից՝ զարգացնելով և բարելավելով քաղաքային ենթակառուցվածքները, մասնավորապես թվային տեխոլոգիաների շնորհիվ»,- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա ընդգծեց, որ կայուն, ածխածնից զերծ քաղաքը ուտոպիա չէ, ճարտարապետի երազ չէ. «Դրան հասնելու համար անհրաժեշտ է պետության և տեղական իշխանության քաղաքական կամքը և ֆինանսավորում»: