Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները։
Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացման, միջգերատեսչական խորհրդատվությունների ակտիվացման հարցեր։
Նախարարներ Նալբանդյանն ու Կոցիասը անդրադարձել են անցյալ շաբաթ Աթենքում կայացած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակում ընթացող համագործակցության շուրջ։
Զրույցի ընթացքում արծարծվել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ։