Պետք է ունենալ պետական աջակցության մասին օրենք. Մ.Մելքումյան
«Վարկերը բեռ են գյուղացիների համար, պետք է կարողանանք գործուն միջոցներ ձեռնարկել թեթևացնելու նրանց վիճակը»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա, Հայաստանում կա մեկ միլիոն 400 հազար միավոր վարկ, որոնց 80 տոկոսից ավելին սպառողական վարկերն են: Գյուղացիական 150 հազար վարկ կա, արդյունաբերական՝ 27 հազար:
«Պետությունը պետք է կարողանա գույքագրել գյուղացիական վարկերը, հասկանալ, թե այդ վարկերից յուրաքանչյուրն ինչ է ներկայացնում, արդյո՞ք հիմնավոր են նրանց տույժերն ու տուգանքները, որոնք ձևավորվել են իրենցից անկախ պատճառներովի, թե պետության ստեղծած միջավայրն է պատճառ դարձել: Կառավարությունը պետք է ձեռք մեկնի»,- ասաց պատգամավորը:
Մ. Մելքումյանի խոսքով, պետությունը պետք է որոշակի վերաբերմունք ցույց տա այդ վարկերի նկատմամբ՝ հետաձգման, մուրհակների, այլ ժամանակակից գործիքների մասով, թեթևացանի գյուղացու վիճակը, գյուղացին իմանա, որ կքած չէ այդ վարկերի տակ:
ԲՀԿ-ական պատգամավորը կարևոր համարեց նաև արտահանման ծավալների ավելացումը: Ըստ նրա, արդյունաբերական համալիրների ամբողջ շղթան նորից պետք է գույքագրվի:
Նա ընդգծեց, որ պետք է ունենալ պետական աջակցության մասին օրենք:
«Պետք է աջակցությունը լինի օրենքի տեսքով, ոչ թե ժամանակ առ ժամանակ կառավարությունը մտածի՝ աջակցի, թե ոչ»,- ասաց Մ.Մելքումյանը: