Մոսկվայի արբիտրաժային դատարանը քննելու է «Ararat»-ի դեմ «Marlboro»-ի հայցը
Մոսկվայի արբիտրաժային դատարանը քննություն է անցկացնում «Philip Morris Brands Sarl» ընկերության հայցով, որի համաձայն` վերջինս պահանջում է ՌԴ տարածքում արգելել «Ararat» ընկերության ծխախոտները: Հայց ներկայացնող կողմի պնդմամբ` «Ararat» ծխախոտների ապրանքային նշանը սպառողներին մոլորության մեջ է գցում, քանի որ «Marlboro»-ի և «Ararat»-ի ապրանքանշանները շփոթելու աստիճանի նման են:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ`«Ararat» ապրանքանիշի սեփականատիրոջ հավաստմամբ` ապրանքանիշները նման չեն միմյանց և ոչ մի կերպ չեն կարող շփոթություն առաջացնել սպառողների մոտ:
«Ararat» ապրանքանիշի սեփականատերը հայտնել է, որ իր ապրանքանշանը գրանցված է ԵԱՏՄ անդամ պետությունում և կարող է առանց խոչընդոտ շրջանառվել ԵԱՏՄ տարածքում, ինչի իրավունքը պաշտպանված է ԵԱՏՄ պայմանագրով:
Գործակալությունը նաև հայտնում է, որ այս հայցը միակը չէ «Ararat» ապրանքանիշի սեփականատեր «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ի դեմ: Մասնավորապես` Լիբիայում և Թայվանում ևս «Philip Morris Brands Sarl» ընկերությունը նույն պահանջն է ներկայացրել, սակայն այս երկրներում դատարանը որոշում է կայացել ի նպաստ «Ararat»-ի:
Գործակալությունը փաստում է, որ Ռուսաստանում ծխախոտների վաճառքը չի իրականացվում բաց կարգով և չի կարող սպառողների համար շփոթության պատճառ դառնալ, և հաշվի առնելով նախադեպերը` շատ հավանական է համարում, որ այս անգամ ևս հաղթի «Ararat» ապրանքանիշի սեփականատերը: