Յացենյուկն իր հրաժարականի համար պահանջներ է առաջ քաշել
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե բավարարվեն իր քաղաքական ուժի առաջ քաշած պահանջները: Հաղորդում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը:
Ինչպես նշվում է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը Գերագույն Ռադայում քաղաքական ուժերի և Պետրո Պորոշենկոյի միջև կայացած հանդիպումից հետո:
«Վարչապետն ասաց, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել: Սակայն նրան ներկայացնող քաղաքական ուժը դրա համար երեք պահանջ է առաջադրել. առաջին՝ հրապարակել Յացենյուկին փոխարինող վարչապետի անունը, երկրորդ՝ նոր կառավարության ծրագիրը և երրորդ՝ կազմը»,- հայտարարել է Ստեփան Կուբիվը:
Վերջինս հավելել է, որ Ռադայում թեժ քննարկումներ են եղել, իսկ Պետրո Պորոշենկոն էլ առաջարկել է քաղաքական ուժերին պատասխանատվություն ստանձնել և եվրոպական կոալիցիա կազմել: