Հայաստանում բենզինի գներն նվազել են ավելի, քան Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում. Շաբոյան
Վրաստանում բենզինը ավելի էժան է, քան Հայաստանում, ասենք «ռեգուլյար» տեսակի բենզինը Հայաստանում 380 դրամ է, իսկ Վրաստանում՝ շուրջ 250 դրամ: Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 2016 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանից կան մարդիկ, ովքեր Նոյեմբերյանով գնում են Վրաստան, այնտեղ էժան գնով բենզին լցնում մեքենան ու վերադառնում և Շաբոյանից փորձեց պարզել՝ ինչպես է հնարավոր լուծել բենզինի շուկայում այս թնջուկը:
Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախ ասաց, որ բենզինի ոլորտը գտնվում է իր ղեկավարած հանձնաժողովի ուշադրության կենտրոնում ու հավելեց. «Երբ ամբողջ աշխարհում գների նվազում սկսվեց, մինչև 2015 թվականի տարեվերջ Հայաստանում բենզինի գները մեծ չափով նվազել են՝ 480 դրամից հասնելով 380 դրամի: Բենզինն այն ապրանքն է, որ դրամով վաճառում ենք, բայց արտարժույթով ներկրում ենք, հետևաբար հայկական դրամի փոխարժեքը կարևոր նշանակություն ունի վերջնական գների վրա և մենք գիտենք, որ այս տարիների ընթացքում հայկական դրամը արժեզրկվել է:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բենզինի վաճառքի գների նվազումը մեծ հաշվով ադեկվատ, համահունչ է ձեռք բերման գների նվազմանը: Այսինքն՝ այս տեսանկյունից մենք ներկրող ընկերության վարքագծում չարաշահումներ չենք տեսնում»:
Ավելին, վկայակոչելով ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների արդյունքները, Շաբոյանը տեղեկացրեց, որ վերջին երկու տարիների ընթացքում բենզինի վաճառքի գները Հայաստանում նվազել են ավելի, քան ասենք՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Չեխիայում, Ռումինիայում: