ՌԴ-ն հրաժարվում է խզել «Թուրքիայի հետ բարեկամության և եղբայրության» պայմանագիրը
Ռուսաստանի արտգործնախարարությունը հնարավոր չի համարում 1921թ-ի մարտի 16-ի ռուս-թուրքական Բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի խզումը: Ռուս-հայկական լրատվական գործակալության փոխանցմամբ` որպես սեփական դիրքորոշման հիմնավորում` ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ միջազգային պրակտիկայում խաղաղության պայմանագրերը, որոնք երկրների միջև սահմաններ են որոշում, խզման ենթակա չեն:
«Հաշվի առնելով դա` իրավական տեսանկյունից Թուրքիայի և Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի միջև սահմանները, ինչպես նաև այդ պետություններին պատկանող առանձին տարածքների կարգավիճակը որոշող Պայմանագրի խզումը հակասում է այդ սկզբունքներին», -ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Բացի դրանից` ռուսական արտաքին գերատեսչությունում գտնում են, որ «Պայմանագրի դրույթները 1921թ-ից հետո տարածաշրջանում զգալի աշխարհաքաղաքական փոփոխությունների բերումով չեն կարող կիրառվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև»:
ՌԴ ԱԳՆ-ն նաև նշում է, որ Պայմանագրի խզումը չի բերի որևէ իրական փոփոխությունների, այլ ընդհակառակը` ապակայունացնող ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անկայուն վիճակի վրա, որը գտնվում է անմիջականորեն Ռուսաստանի սահմանների մոտ, քանի որ շոշափում է տարածաշրջանում գոյություն ունեցող պետական սահմանների փոփոխման հարցը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին մի խումբ ռուսաստանցի պատգամավորներ դիմել էին Վլադիմիր Պուտինին և Սերգեյ Լավրովին` առաջարկելով խզել ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը: