Ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է. Վիգեն Սարգսյան
«Բոլոր հարցերը, որոնք քննարկման դաշտում են, քննարկվելու են, դրա համար էլ Ազգային ժողով գոյություն ունի», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Հարցին, թե Ընտրական օրենսգրքի հետ կապված իշխանությունը որքանո՞վ փոխզիջումների կգնա, Սարգսյանը պատասխանեց. «Իշխանությունը ներկայացված է իր քաղաքական բոլոր ինստիտուտներով՝ սկսած Ազգային ժողովում մշտական հանձնաժողովներից մինչև բոլոր այն կառույցները, որոնք քննարկմանը մասնակցում են իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակում»:
Անդրադառնալով ընտրություններից հետո ընտրացուցակների պաշտոնական հրապարակման վերաբերյալ ընդդիմության պահանջին, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ քննարկումների արդյունքում իշխանությունները դիրքորոշում կհայտնեն դրա վերաբերյալ ու հավելեց. «Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ դա մարդու իրավունքների խախտում է: Ես կարծում եմ, որ այդ մասին ՀՀ Սահմանադրական դատարանն ունեցել է շատ հստակ դիրքորոշում, որը մեծապես համահունչ է Վենետիկի հանձնաժողովոի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին, ոչ թե Հայաստանի վերաբերյալ, այլ առհասարակ»:
Նա բացատրեց, որ ընտրացուցակների հրապարակումը կարող է «ճնշումների դաշտ» ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում, որ հանրայնացվի նրանց՝ քվեարկության մասնակցելու և չմասնակցելու փաստը:
Լրագրողի դիտարկմանը, թե չհրապարակելով կարծիք կա, որ անվստահության մթնոլորտ է ստեղծվում, Սարգսյանը արձագանքեց. «Անվստահության մթնոլորտի դեմ պետք է պայքարել, որպեսզի բոլորը վստահ լինեն, որ ընտրություններն անցել են ազատ արդար և անկաշկանդ»:
Լրագրողը նկատեց, որ ընդդիմությունը թերահավատություն ունի այդ հարցի առնչությամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ «թերահավատությունը լավագույն բարեկամը չէ» և հավելեց, որ ընտրացուցակները հրապարակվում են ու երկար տարիների ընթացքում ներդրված համակարգերը ստուգելու «հզոր մեխանիզմ են»:
«Ընդհանրապես, ցուցակների հետ կապված շատ կարևոր է նայել դինամիկան. մենք ընտրացուցակների հետ կապված ունեցել ենք լուրջ խնդիրներ, այնուհետև 12-13 թվականի ընտրությունների ժամանակ բոլոր դիտորդները ամրագրել են, որ բոլոր ցուցակները որակապես փոփոխվել են ու շատ ավելի հաջող վիճակում են գտնվում:
Այնուհետև հաջորդ ընտրություններում սկսել է հայտնվել նոր ձևակերպում՝ կա ընկալում, թե ցուցակների հետ կապված կա խնդիր, իսկ ընկալումների հետ շատ ավելի դժվար է պայքարել, քան փաստերի: Իսկ յուրաքանչյուր փաստի հետևից պետք է գնալ ու դա քաղաքացիական հասարակության, բոլոր քաղաքական ուժերի պատասխանատվույունն է: Դրա համար գոյություն ունեն վստահված անձինք, հանձնաժողովների անդամներ», -հայտարարեց Վիգեն Սարգսյանը:
Ի դեպ Սարգսյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում է՝ քննարկելու Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումի հետ կապված հարցերը, որը կայանալու է ապրիլի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան