Մեքենա ներկրած քաղաքացիներից փաստորեն, ապօրինի ԱԱՀ են գանձել. Փաշինյան
ԵՏՄ երկրներից առանց ավելացված արժեքի հարկի մեքենաներ ներկրելու թույլտվություն տվող օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եզրակացրել է, որ ԵՏՄ-ին միանալուց հետո, փաստորեն, քաղաքացիներից ԱԱՀ-ի ապօրինի գանձում է տեղի ունեցել:
«ԵՏՄ միջպետական պայմանագրի դրույթները, որպես բարձր ուժ ունեցող պայմանագիր, փաստորեն, հաշվի չեն առնվել և քաղաքացիներից ապօրինի գանձում է տեղի ունեցել», -հավելեց ԱԺ պատգամավորը:
Նա հարցի հարակից զեկուցող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանից նաև հետաքրքրվեց, թե Մելքումյանը տեղեկություններ ունի՞ արդյոք հենց այս իրավիճակի հետ է կապված եղել Ֆիննախ-Պետեկամուտների կոմիտե տարանջատումը և Գագիկ Խաչատրյանի՝ որպես ՊԵԿ նախագահ լիազորությունների դադարեցումը:
Վերջին հարցին ի պատասխան Մելքումյանն ասաց, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի և չի կարծում, թե այդ հարցերը միմյանց հետ կապ ունեն:
Այնուհետև հավելեց. «Ես համաձայն եմ, որ սա լուրջ քննարկման առարկա է»:
Նշենք, որ քննարկվող հարցը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն է: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում ԵՏՄ անդամ երկրներից մեքենա ներկրել առանց ավելացված արժեքի հարկ վճարելու:
Քննարկումը մանրամասն՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին կկարողանա մեքենա ներկրել առանց հարկ վճարելու
- ԵՏՄ-ից ներկրված մեքենաների ԱԱՀ-ի չգանձումը բերելու է էժանացման. Էդուարդ Հովհաննիսյան