Գորիսի նախկին քաղաքապետը մտադիր է Սյունիք վերադառնալ
Մեր երկրում՝ մասնավորապես Սյունիքի մարզում, լուրջ բարեփոխումների կարիք կա: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ հանգամանքների բերումով լքել է իր ծննդավայր Գորիսը, արդեն 16 տարի հարկադրված է ընտանիքի հետ վարձով ապրել Երևանում:
«Ես ուրախ կլինեմ, որ բարձրաստիճան պաշտոնյանների կողմից համակարգային փոփոխությունների իրականացման մասին հայտարարությունները միս ու արյուն ստանան»,-ասաց Ս. Հարությունյանը:
Ազատ ու արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին խոսող իշխանություններին նա հիշեցնում է՝ կարևորը բարի կամքն է:
«Ես շատ ուրախ կլինեմ, որ Աստծո օգնությամբ բարի կամքը դրսևորվի, իրողություն դառնա, և մեր ժողովուրդը վերջապես կարողանա ընտրել իր իշխանություններին, մնացածը տեխնիկայի հարց է»,-ասաց սյունեցի գործիչը:
Նախկին քաղաքապետը համոզված է, որ Հայաստանում առկա է բավարար պոտենցիալ թեկուզ բարդ աշհխարհքաղաքական իրավիճակում բոլոր ուղղություններով հաջողություն գրանցելու համար:
«Ես երկար մտորումներից հետո հանգել եմ եզրակացության, որ ճիշտ կլինի հիմնել հոգևոր-մշակութային կենտրոն ու բուռն գործունեություն ծավալել Սյունիքում՝ իմ ծննդավայրից սկսած:
Պատրաստել եմ ծրագրային հիմնադրույթներ շատ լուրջ այրերի՝ հոգևորականների, հիմնադրամների ղեկավարների ու այլոց հետ խորհրդակցելուց հետո»,-ասաց Ս. Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտից «ծայրահեղ կերպով» դժգոհ է, իսկ հոգևոր-մշակութային ոլորտը պակաս կարևոր դեր չի ունեցել ժողովրդի կյանքում, ու այժմ էլ կարող է ունենալ:
«Այս պահին որևէ ցանկություն չունեմ քաղաքական գործունեություն ծավալել, որևէ քաղաքական ուժի անդամգրվել: Հիմա ես իմ գործունեությունը պատկերացնում եմ հոգևոր-մշակութային, գիտամանկավարժական ոլորտներում, բայց դա չի նշանակում, որ ես իմ կարծիքը չեմ հայտնի ընթացող պրոցեսների վերաբերյալ»,-ասաց նա: