Էրդողանի այցը Ադրբեջան չեղարկվել է
Ադրբեջանի Գանձակ քաղաքում նախատեսված՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ղեկավարությամբ անցկացվելիք Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կանցկացվի Թուրքիայի մայրաքաղաքում:
«Էրմենիհաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ, հանդիպումը Թուրքիայում անցկացնելու որոշումը կայացրել է Իլհամ Ալիևը:
Աղբյուրը հիշեցրել է, որ արդեն 2-րդ անգամ չի կայանում Էրդողանի Ադրբեջան նախատեսված այցը: Փետրվարի 18-ին նախատեսված այցն էլ չեղարկվել էր դրանից մեկ օր առաջ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատճառով:
Ալիև-Էրդողան առանձնազրույցի օրակարգի գլխավոր թեման կլինի տրանսանատոլական գազատարի (TANAP) նախագծի աշխատանքներն արագացնելու հարցը:
Նշենք, որ տրանսանատոլական գազատարն ադրբեջանական «Շահդենիզ 2» և կասպիցծովյան մի քանի այլ հանքավայրերից արդյունահանվող գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով տեղափոխելու է Եվրոպա: Միևնույն ժամանակ Թուրքիան լինելու է ոչ միայն տարանցիկ երկիր, այլ նաև գազը սպառող երկրներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հովսեփյան. Թուրքիայում հնարավոր են նոր ահաբեկչություններ
- Լևոն Հովսեփյան. Անկարայի պայթյունից հատուկ ծառայությունների հոտ է գալիս