ՄԻԵԴ-ում Մատաղիսի գործով հանգուցալուծումը մոտենում է
Հայաստանի դատական տարբեր ատյաններում երկար տարիներ լսված Մատաղիսի հայտնի գործով հանգուցալուծումը մոտենում է. մարտի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի այդ գործով պաշտպանական կողմի բողոքների վերաբերյալ վճիռը:
«Լիահույս ենք, որ արդարությունը վերջնականապես կվերականգնվի: Ու նաև ուզում եմ նկատել, որ հիմա բոլոր այն գործերով, որոնց վերաբերյալ Հայաստանում անարդարություն է տեղի ունենում, մենք պատրաստ ենք տասնմեկ տարի այդ գործերով էլ պայքարել, բայց հասնել արդարության», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ՄԻԵԴ-ում բողոք ներկայացրած իրավաբանների ժառանգորդը` փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք` 2003-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք զինծառայողներ` Արայիկ Զալյանը (նա հիմա փաստաբան է-հեղ.), Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվում էին իրենց ծառայակիցներ Մովսես Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005 թվականի մայիսի 13-ին տղաներին 15 տարվա ազատազրկման դատապարտեց` իրենց ծառայակիցներին սպանելու մեղադրանքով:
Սակայն 2006 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխեց ցմահ ազատազրկման, սակայն 2006 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին: Եվ միայն 4.5 տարի անց` 2012-ի դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդներին՝ անմեղ ճանաչելով Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին: Իսկ զինծառայողների սպանության գործն ուղարկվեց առանձին քննության:
Դեռ գործի քննության փուլում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած փաստաբանները խնդրում էին ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելումը և 5-րդ հոդվածի՝ մարդու ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումները: Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Պետրոսյանի փաստաբաններին հետագայում փոխարինեց Հայկ Ալումյանը:
«Տեղի էին ունեցել բռնություններ, բացի այդ տեղի էին ունեցել բռնությունների վերաբերյալ թերի քննություն: Այն ժամանակ տղաների պաշտպանությունն իրականացնող մեր կոլեգաները անընդհատ ահազանգում էին, որ նման բռնություններ են տեղի ունեցել ու դրանց վերաբերյալ փաստացի քննություն չի իրականացվել: Ավելին, ամեն ինչ արվել է, որ կոծկվի այդ փաստերը», -մեզ հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հույս ունի, որ ՄԻԵԴ-ում հարցը «ճիշտ լուծում» կստանա:
Հարակից հրապարակումներ`
- «Մատաղիս»-ի 40 հատորանոց գործը քննվում է նորովի
- «Մատաղիս»-յան մղձավանջն ավարտվեց. Երեք տղաները վերջնականապես արդարացված են
- Մատաղիսի գործով վերաքննիչը հրապարակեց վճիռը. Տղաներն արդար են
- «Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը պնդում է` մարդասպաններ են, իսկ պաշտպանը առարկում
- Ոչ թե ամբաստանյալներ, այլ` արդարացվածներ. «Մատաղիսի գործ»-ով փաստաբանը ուղղում է դատավորին
- «Մատաղիսի գործ»-ով տուժողներից մեկը դատի է տալիս մյուս տուժողին
- Զինդատախազությունն անդրդվելի է. «Մատաղիսի գործը» Վերաքննիչում կքննվի Եվա Դարբինյանի հսկողությամբ
- «Մատաղիսի գործ». Փաստերը վկայում են, որ Արթուր Եղիազարյանը ճիշտ չի ասում (տեսանյութ)
- Պարոն Ջհանգիրյան, իմ բալային սպանողը Իվանն է. Ինչո՞ւ է որդեկորույս մայրը փոխել կարծիքը. «Մատաղիսի գործ»
- Նոր զարգացումներ «Մատաղիսի գործ»-ով (տեսանյութ)