ԱԳՆ-ն լռում է ծանրորդ դեսպանին հետ կանչելու փոխարեն. Նարիա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հայտարարություններին, որոնք նրա խոսքով, «ցնցել էին համացանցը»:
«Վերջերս սոցիալական ցանցը ուղղակի ցնցեցին Վրաստանում Հայաստանի դեսպան, ծանրորդ Յուրի Վարդանյանի մտքի հերթական գոհարները՝ այս անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ մեր դեսպանը ցեղասպանություն հասկացությունն ընդունում է շատ «զավեշտալի», բայց սա միակ մտքի գոհարը չէր, ինչպես փորձում է նրա մամուլի խոսնակը ներկայացնել։ Այնուհետ փորձելով իր ինտելեկտը սփռել ներկաների առջև, դեսպանը որոշեց անդրադառնալ արտագաղթի թեմային։ Եվ որպեսզի ապացուցի, որ Հայաստանում արտագաղթ չկա, նա խորհուրդ տվեց ապրիլի 24-ին տեսնել, թե ինչքան մարդ է բարձրանում Ծիծեռնակաբերդ ու համոզվել, որ արտագաղթ չկա։
Այնուհետ ցեղասպանության վերաբերյալ իր խոհափիլիսոփայական մտորումներն ավարտեց ևս մեկ վիրավորական ձևակերպմամբ՝ հույս տալով բոլորիս, որ ցեղասպանության 200-ամյակը մենք կնշենք շատ ավելի բարձր մակարդակով»։
Ըստ պատգամավորի, շատերը դա վերածեցին «կարիկատուրայի», բայց ոչ մեկ չփորձեց կատարվածից լրջագույն հետևություններ անել։
«Արտգործնախարարությունը լռում է։ Նրանից եկավ մեկ պատասխան՝ լռությունը ևս պատասխան է։ Ոչ, հարգելի Արտաքին գործերի նախարարություն, չի կարող լռությունը լինել պատասխան։ Սա եզակի դեպք չէ։ Մի դեսպանը նոտարում վավերացնում է իր հավատարմագիրը, տանում է իր հետ իր երկիր, մեկ այլ դեսպանի մասին ստանում ենք սկանդալային տեղեկություններ նր աբիզնես գործունեության մասին: Փոխանակ սրա պատասխանը լիներ մեր շատ հարգված ծանրորդին հետ կանչելը, բայց ԱԳՆ մեր պաշտոնյաներն ուղղակիորեն լռում են»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Նրա կարծիքով, այսպիսի գործիչների պատճառով Հայաստանը միջազգային ասպարեզում լուրջ չի ընկալվում և դա ԱԳՆ-ն խրախուսում է: