Ռուսաստանը Սիրիայում կթողնի Ս-400 ՀՕՊ համակարգերը
Ռուսաստանը Սիրիայից դուրս չի բերելու Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը: Այս մասի «BBC»-ի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Նրա խոսքով՝ ՀՕՊ միջոցները մնում են, որպեսզի Սիրիայում մնացող ռուսական ռազմական անձնակազմի համար անվտանգության երաշխիքներն ապահովված լինեն: Բացի զենիթային համակարգերից՝ Սիրիայի ռուսական բազայում թողնվելու են նաև միջոցներ, որոնք կապահովեն նրա անվտանգությունը ցամաքից և ծովից ծագած հավանական սպառնալիքի դեպքում:
Աշխարհում ամենաժամանակակից ՀՕՊ միջոցներից համարվող Ս-400 համակարգերը Սիրիայում տեղակայելու որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական СУ-24 ռմբակոծիչը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 14-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել Սիրիայից ռուսական օդուժը դուրս բերելու մասին: Կրեմլի նման քայլը մեկնաբանվում է նրանով, որ ռուսական զինուժը կատարել է իր առջև դրված մարտական խնդիրն այդ տարածաշրջանում:
Արդեն այսօր, ինչպես փոխանցում է «Deutsche Welle»-ն, ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական Խմեյմիմ ավիաբազայից դուրս է բերվել ռազմական ինքնաթիռների առաջին խումբը, որն ուղղություն է վերցրել դեպի Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ռազմական ավիացիայի մշտական տեղակայման վայրեր: