Առաջարկվող ընտրակարգը մեծամասնական չի կարող համարվել. Արմեն Ռուստամյան
«Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը վերջնական տարբերակը չէ, այլ այն ուղղակի պետք է դիտվի որպես ելակետ: Այս նախագիծը կարող է լրջագույն փոփոխությունների ենթարկվել», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա կարծում է, որ չիմացության մեջ են գտնվում այն մարդիկ, ովքեր պնդում են, թե Ընտրական նոր օրենսգրքով առաջարկվող ընտրակարգը համամասնական չէ և թաքնված մեծամասնական ընտրակարգ է սահմանում:
«Դասական սահմանումներ կան, թե որն է համամասնական ընտրակարգը, պարզապես երևի մարդիկ տեղյակ չեն, որ համամասնական ընտրակարգը այն երկու տեսակի է՝բաց ցանկեր և փակ ցանկեր: Փակ ցանկան այն է, որ ձեռք չես տալիս ցանկում եղած դասավորությանը և բաց ցանկեր, երբ ընտրողը ինքն էլ կարող է որոշել, թե ինչ դասավորություն կարող է լինել ցանկի ներսում: Սա ամենաժողովրդավարականն է համարվում ամբողջ աշխարհում՝ երբ ընտրողն է որոշում, թե ով որից հետո լինի ցանկի մեջ:
Առաջարկվող ընտրակարգը մեծամասնական չի կարող համարվել, քանի որ անձի ընտրություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Ուղղակի ընտրությամբ որոշվում է, թե որ կուսակցությանն է ընտրողը նախընտրել, իսկ անձը ընտրվում է ածանցված անուղղակի քվեարկությամբ», -ներկայացրեց Ռուստամյանը: