Բերբերյան. Եթե բռնած ծաղկի 7-10%-ի մոտ փոշոտում կատարվի, ապա արտակարգ բերք կլինի
Գիշերվա տեղումները չեն վնասել ծաղկած ծիրանենիները, դրանք նաև չեն խանգարի փոշոտման իրականացմանը: Panorama.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նկատեց, որ ծառերի մի մասի մոտ փոշոտումն արդեն իրականացվել էր: Անձրևի դադարից հետո էլ, ըստ նրա, միջատներն անմիջապես գործի կանցնեն:
«Եթե բռնած ծաղկի 7-10 տոկոսի մոտ փոշոտում, բեղմնավորում իրականացվի, ապա ծառերն արտակարգ բերք կտան»,-ասաց նա:
Բերբերյանն արդեն հասցրել է զրուցել երկրի հյուսիսում ապրող գյուղատնտեսների հետ: Փոխանցել են՝ Շիրակում նույնիսկ ձյուն է եկել, սակայն ծառերը չեն վնասվել:
Միավորման նախագահը հիշեցրեց, հենց տարվա սկզբից իրենք հայտարարել են, որ տարին գյուղատնտեսության համար ռիսկային է: Նա հույսը դրել է Աստծո բարության վրա, որ չիրականանան օդերևութաբանների կանխատեսումները:
«Անցած տարի ծիրանի շատ լավ բերք կար: Ծիրանենին մի հատկություն ունի. լավ բերք տալուց հետ, մի տարի հանգստանում է: Եթե նույնիսկ ամեն ինչ բարեհաջող էլ լինի, մենք անցած տարվա բերքը չենք ունենա»,-ասաց Բերբերյանը:
Ծիրանի հայրենիքում գիտնականները ուշահաս մրգի մի քանի սորտեր են մշակել՝ հիմա փորձերը շարունակվում են:
«Բայց մենք հաջողությամբ արտահանում ենք շուտահաս ծիրանը, այն շուկայում իր տեղն ունի»,-ասաց Բերբերյանը:
Հիշեցնենք, որ հայ օդերևութաբանների կանխատեսումներով, մարտի 18-ի և 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -2...-3 աստիճան, գետնի մակերևույթին՝ -4...-5 աստիճան ցուրտ:
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետների խոսքով, ցրտահարության վտանգը սպառնում է հատկապես պտղատու այգիներին:
«Եթե նույնիսկ գրանցվի -5, -7 աստիճան ցուրտ, ապա հացահատիկային մշակաբույսերին ցրտահարության վտանգ չի սպառնում»,-Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Փոխնախարարը նշեց, որ ամենավտանգավորը ծառերի ծաղկման փուլն է:
«Բույսի գեներատիվ օրգանները ամենախոցելի են, և -1 աստիճանի դեպքում էլ կարող են ծաղկի առանձին օրգաններ վնասվել: Այլ վիճակ բողբոջի փուլում, երբ կարող է մինչև -3- -4 աստիճանի դիմանալ: Եթե ծաղկման փուլն ավարտվել է, այս պարագայում -1 աստիճան ցրտի պարագայում կարող է մեծ վնաս չպատճառվել»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, շատ բան կախված է նաև ռելիեֆից. «Եթե գոգավորություններում սառ օդային զանգվածը որոշակի ժամանակահատվածում կուտակվում ու բացասական հետևանքներ է թողնում, ապա թեքությունների վրա որպես կանոն խնդիրներ չեն առաջանում»:
Ցրտահարությունից խուսափելու համար ոլորտի մասնագետները հողագործներին խորհուրդ են տալիս ծխեցնել այգիները, եթե կա ոռոգման հնարավորություն, ապա սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել:
Հարակից հրապարակումներ`
- Ուշադրություն. Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս
- Սուրենյան. Հայաստանին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում
- Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները