Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան մանր խորամանկություններին. Զուրաբյան
Իշխանությունների գործողությունները դեռևս որևէ կերպ չեն հաստատում իրենց այն պնդումները, թե պատրաստ են ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցել Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ: Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Հասկանալով, որ Ընտրական օրենսգիրքը կարևորագույն փաստաթուղթ է, որի հիմնական դրույթները պետք է ընդունվեն ո՛չ թե իշխող կուսակցության թելադրանքով՝ Ազգային Ժողովում իր մեծամասնությունը օգտագործելով, այլ պետք է լինեն երկրի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև փոխահամաձայնեցված փաստաթուղթ, իշխանությունները պարտավոր էին ստեղծել քաղաքական երկխոսության ձևաչափ, որը, մինչև հարցի ֆորմալ քննարկումը հանրային լսումներում և Ազգային ժողովի լիագումար նիստում, պետք է լուծեր հասարակական կոնսենսուսի գալու խնդիրը:
Հակառակ դրան, իշխանությունները, նախ, հանրությունից գաղտնի պատրաստել և դեռ հունվարի 15-ին Վենետիկի հանձանժողով էին ուղարկել մի նախագիծ, հույս ունենալով, որ, ինչպես միշտ, սկզբից կստանան այդ հանձնաժողովի հավանությունը, ինչի շնորհիվ ստիպված չեն լինի լուրջ բանակցությունների մեջ մտնել ընդդիմության հետ՝ հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի նախօրոք տված եզրակացությանը: Բարեբախտաբար, այս անգամ նրանք չկարողացան Վենետիկի հանձանժողովին օգագործել որպես գործիք՝ ընդդիմության պահանջները մերժելու համար:
Երկրորդ՝ շրջանառության մեջ դրված նախագիծը հաշվի չի առել ո՛չ ընդդիմության բազմամյա պահանջները, ո՛չ էլ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հանձնարարականները:
Երրորդ՝ ներկայացված նախագիծում սահմանափակվել են ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունները՝ գործող օրենսգրքի համեմատ, հույս ունենալով, որ ընդդիմությունը պայքար կսկսի կորցրած դիրքերի համար, մի կողմ թողնելով պայքարը իր հիմնական պահանջների համար:
Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան այս մանր խորամանկություններին, որոնց ճղճիմությունը ակնհայտ է ե՛ւ մեր հասարակության ե՛ւ միջազգային հանրության համար: Քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը հաջողվել է, ըստ էության, ձևավորել պահանջների միասնական պլատֆորմ:
Ընտրական գործընթացի վերաբերյալ ժողովրդի վստահության վերականգնման նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձևավորել իշխանությունների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության միջև բանակցությունների լիարժեք ձևաչափ և ընդունել՝ արդեն ամբողջ հանրությանը դարձաց պահանջները», -հայտարարեց Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան