10-15 տարի առաջ սպառողների իրավունքներն ավելի ոտնահարված էին. Կ. Չիլինգարյան
Սպառողներն ամենախոցված խավն են: Այսօր, Սպառողների միջազգային օրվան ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը մեզ մոտ ընդունվել է 2006 թվականին: Ընդհանուր առմամբ լավ օրենք է, բայց պետք է հասկանալ՝ ինչպես է կիրառվում այն»,-ասաց Չիլինգարյանը՝ նշելով, որ դրա կիրառման հետ կապված դեռ շատ բացեր կան:
Ըստ Չիլինգարյանի՝ հաճախ օրենքի խախտում է առաջանում գնված ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու կամ փոխանակելու հետ կապված, բացառությամբ այն ապրանքների, որոնք վերադարձի ենթական չեն:
«10-15 տարի առաջ սպառողների իրավունքներն ավելի ոտնահարված էին, հիմա նրանք գիտեն իրենց իրավունքները, բայց լիովին պաշտպանված չեն: Այսօր ավելի շատ սպառողներն են պաշտպանում իրենց իրավունքները, քան խնդրով զբաղվող համապատասխան կառույցները»,-նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը:
Ինչ վերաբերում է փողոցային առևտրին, նրա խոսքով, դա քաղաքակիրթ ձևով չի կազմակերպվում, անգամ եթե արվում է օրենքի սահմաններում:
Անդրադառնալով ոլորտում բացթողումներին և անելիքներին Կարեն Չիլինգարյանն ասաց, որ պետական կառույցների կողմից մշտադիտարկումները նվազել են. «Պետք է համակարգված մոտեցում լինի, ոլորտով զբաղվող կառույցներն աշխատեն միասին»: