Նալբանդյան գյուղի բնակիչը Վերաքննիչ դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մհեր Արղամանյան (նախագահող դատավոր), Մխիթար Պապոյան և Սերգեյ Չիչոյան կազմով որոշեց ազատ արձակել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով համագյուղացուն ծեծելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Մնացականյանին: Վերջինը դատարանի դահլիճից այսօր ազատ արձակվեց:
«Նա այժմ իր երեխաների հետ է, ընտանիքի գրկում»,- Panorama.am-ին փոխանցեց Մնացականյանի փաստաբան Դանիել Գևորգյանը:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, Մնացականյանի վերաբերյալ կիրառվեց փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով:
Նշենք, որ սա բացառիկ քրեական գործերից էր, որ դատարանը չէր կատարել դատախազության պահանջը, ինչի պատճառով դատախազությունն ինքն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը` նշանակված պատժի նկատմամբ կիրառել ՀՀ քր.օր. 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան: Նույնն էր պահանջել նաև Մնացականյանի պաշտպանական կողմը:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան գյուղի բնակչի գործով դատավճռի դեմ բողոքում է նաև դատախազությունը
- «Պապայիս եմ ուզում». 4 երեխաները մնացել են առանց ծնողների խնամքի