Խորհրդային տարիներին կառուցված շենքերն իրենց դարն ապրել են. Նարեկ Սարգսյան
Խորհրդային տարիներին Հայաստանում կառուցված շենքերն արդեն մաշված են, իրենց դարն ապրել են, սեյսմիկ վտանգ են ներկայացնում: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպված «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Մեր գլխավոր խնդիրներից մեկն է ժամանակի ընթացքում ուժեղացնել այդ շենքերը»,- նշեց նա:
Նախարարի խոսքով, վերջին տարիներին Երևանում կառուցված շենքերն անհամեմատ ավելի սեյսմակայուն են:
Նարեկ Սարգսյանը նաև նշեց, որ այսօր Երևանում կան էներգախնայողության, քաղաքային տրանսպորտի կազմակերպման, աղբահանության խնդիրներ:
«Առհասարակ մեր քաղաքաշինական նորմերի մի մասը դեռևս խորհրդային շրջանից ենք ժառանգել, մի մասն էլ եվրոպական տնտեսական համագործակցության շրջանակներում է ուժի մեջ մտել: Մեր սեյսմիկ նորմերը լիարժեք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Դա փորձաքննություն է անցել տարբեր երկրների կողմից»,- ասաց նախարարը: