Մենք պատերազմ ենք հայտարարում կրիմինալին. Ոստիկանապետ
«Ուզում եմ միմյանց աչքերի մեջ նայենք ու լինենք անկեղծ», -այսօր ոստիկանության համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, Գասպարյանն ասել է, որ իրեն չի մտահոգում աշխատող ծառայողների գիտելիքային թերությունները, որոնք ժամանակի ընթացքում շտկվում են:
«Ես ուզում եմ խոսել դավաճանության մասին: Բոլորդ այստեղ տեղյակ եք, որ պարբերաբար համակարգից դուրս են հանվում մարդիկ, ովքեր դավաճանում են համազգեստը, ձեր աշխատանքը, ինֆորմացիա են ներկայացնում այն կրիմինալին, որի դեմ գիշերը ցերեկ ենք անում՝ պայքարելու համար: Այն մարդիկ, ովքեր այս կամ այն ձևով կապված են կրիմինալի հետ, բնական է, չի կարող լինել ոստիկանի համազգեստի մեջ: Մենք կհանենք նման ոստիկաններին՝ անկախ նրանից կլինի դա ձեր ղեկավարը, թե ղեկավարի ղեկավարը: Տականքը պետք է դուրս գա համազգեստի միջից», -դիմելով իր ստորադասներին, հայտարարել է Գասպարյանը:
Նա ասել է, որ ոստիկանների առաքելությունն է քաղաքացիների թիկունքում կանգնելը և ոստիկանները մարդիկ են, որ պատրաստ են քաղաքացու համար կյանքը տալ:
«Մենք պատերազմ ենք հայտարարում կրիմինալին: Ցանկացած սաղմնային իրավիճակում կասեցնել այդ խումբ-խմբավորումներին, մեկուսացնել, օրենքով ընդունված կարգով ընթացք տալ, չհանդուրժել դավաճանությունը համակարգում, բառիս բուն իմաստով պատերազմ և պատերազմ բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են: Եթե դա խոչընդոտում է ոստիկանության պետը, ուրեմն պատերազմ ոստիկանության պետի դեմ», -հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան