Վարչապետը ծանոթացել է հայկական պլանշետների արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին
Կառավարությունը շարունակելու է աջակցել մեծ ներուժ ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ համարելով այն գերակայություն: Այս մասին այսօր «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն կատարած այցի ժամանակ լրագորղների հետ զրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է այս ընկերության գործունեությունը և ուրախությամբ նշել, որ այն հաջողությամբ զարգանում է և ունի մեծ ապագա, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետն նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է այս ոլորտի յուրաքանչյուր ծրագիր դարձնել քննարկման առարկա և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել շարունակական օժանդակություն: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՏՏ ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ հեռանկարներ և ավելացրել, որ այն լինելու է գործադիրի մշտական ուշադրության կենտրոնում:
ՏՏ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունը ձեռնամուխ է եղել նաև հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծմանը:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Դրանք համալրված են ժամանակակից համակարգերով և ծրագրերով, իսկ գնային առումով ավելի մատչելի են:
Նախորդ տարվանից «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը սկսել է «Արմթաբ» պլանշետները ներդնել նաև Հայաստանի դպրոցներում: 2015 թվականի ընթացքում արդեն իսկ դպրոցներին է տրամադրվել 700 պլանշետ. այս տարի ևս ծրագիրը կշարունակվի:
Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է և Հայաստանում, և արտերկրում: Այժմ բանակցություններ են տարվում կապի և հեռահաղորդակցության ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների հետ՝ արտադրանքը մեր երկրի մանրածախ շուկայում իրացնելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը համագործակցում է արտերկրի գործընկերների հետ՝ գիտահետազոտական ծրագրերի մշակման ուղղությամբ: Ներկայում ընկերությունն ունի 117 աշխատող, նախատեսվում է հետզհետե այդ թիվն ավելացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան