ԱՄՆ. ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ քանի դեռ «Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային»: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից՝ թերակղզու ՌԴ կազմի մեջ ընդգրկվելու մեկամյակի կապակցությամբ, նախօրեին հրապարակված հայտարարության մեջ:
Նշենք, որ Ղրիմը ընդգրկվել է ՌԴ կազմում 2014թ. մարտին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով:
«Մենք անընդունելի ենք համարում ուժով սահմանների վերափոխումը 21-րդ դարում: Ղրիմի հետ կապված պատժամիջոցները ուժի մեջ կմնան, քանի դեռ պահպանվում է բռնակցումը: Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին՝ դադարեցնել բռնակցումը և Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»,- հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նա կրկին խոսել է Ղրիմի թաթարների և ուկրաինացիների նկատմամբ «իրականացվող բռնաճնշումների» մասին: Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, ոչ կառավարական կազմակերպությունները դուրս են հանվում Ղրիմից, իսկ միջազգային դիտորդների մուտքը՝ թերակղզի արգելված է:
Նշենք, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին կատարվել է միջազգային բոլոր նորմերի համապատասխան, իսկ Ղրիմի բոլոր քաղաքացիների իրավունքները պահպանվում են անկախ իրենց ազգությունից: