Նաիրա Զոհրաբյանը Շաբոյանին խնդրեց հետևել բրենդային խանութների սահմանած կեղծ զեղչերին
«Հայաստանում կեղծ զեղչերի մեծ խնդիր կա և դա խայտառակություն է, պարոն Շաբոյան: Բոլոր բրենդային և ոչ բրենդային խանութներին, որոնք պատկանում են տարբեր օլիգարխներին կամ կիսաօլիգարխներին, խնդրում եմ հատուկ ուշադրություն դրարձեք», -այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ներկայացնելով խնդիրը, պատգամավորը Շաբոյանին հուշեց, որ զեղչային ամիսներին նույն ապրանքատեսակը ոչ զեղչված ամիսներին այլ գին է, իսկ «իբր զեղչի» ժամանակ ապրանքի գինը բարձրացնում են, վրան գրում են 30-40 տոկոս զեղչ ու ներկայացնում, թե իբր ապրանքը զեղչվել է:
«Սա վերաբերում է Հայաստանում գործող գրեթե բոլոր բրենդային խանութներին: Գնացեք, տեսեք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում՝ կատարյալ խաբեություն և բացահայտ ապօրինություններ», -դիմելով Շաբոյանին, հայտարարեց պատգամավորը:
Նա նաև ասաց, որ իր առաջարկությունն ինքը գրավոր կտրամադրի ՏՄՊՊՀ նախագահին: