ՍԴ որոշումը չի արգելում հրապարակել ընտրացուցակները. Սահմանադրագետ
Սահմանադրական դատարանի որոշման մեջ ստորագրված ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ բացարձակ արգելք չկա: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը:
«Նույն որոշման մեջ նշվում է, որ ՀՀ ստանձնած պարտավորությունները, այդ թվում Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական ձայնի իրավունք տալը չեն կարող սահմանափակել ուղղակի ընտրական իրավունքի իրականացումը: Շեշտվում է նաև, որ հնարավոր չէ նկարահանել ու տեսանկարել, բայց հրապարակելը արգելելը չի կարող բացարձակ դիտվել», -ՍԴ որոշումը ներկայացրեց Գաբրիել Բալայանը:
Միևնույն ժամանակ, պարոն Բալայանը նկատեց, որ Սահմանադրական դատարանը կարող է վերանայել որոշումը, սակայն դրա համար ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, անհրաժեշտ է, որ որոշումը ունենա 7 տարվա կյանք:
Նշենք, որ դեռևս 2012 թվականին ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները հայցով դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԸՕ դրույթը, որով արգելվում է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը։
Դատարանը որոշել էր, որ ընտրացուցակները հրապարակայնացնելն արգելող դրույթը չի հակասում երկրի Սահմանադրությանը ու նաև որոշման մեջ նշել էր.
«Նշված մոտեցումներն իրավաչափ, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին ու ՀՀ Սահմանադրությանը համահունչ համարելով հանդերձ, ՀՀ ՍԴ-ն գտնում է, որ դրանք չեն կարող դիտվել որպես ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության ու անմիջական ժողովրդավարության սահմանադրական սկզբունքի իրացման արգելք։ Առավել եւս դա վերաբերում է ընտրական իրավունքի դատական պաշտպանությանը, ինչի առնչությամբ մտահոգություն են արտահայտել սահմանադրական դատարան դիմած պատգամավորները։
...ՀՀ ՍԴ-ն գտնում է, որ սահմանադրաիրավական առումով «հրապարակման ենթակա չեն» կամ «չպետք է հրապարակվի» արտահայտությունների իրավակիրառական պրակտիկայում չի կարող այնպիսի տարածական մեկնաբանություն տրվել, ինչը կխոչընդոտի ազատ ընտրությունը կամ կարգելափակի ընտրողների ստորագրած ցուցակների ուսումնասիրության հնարավորությունը` ընտրական իրավունքի պաշտպանության համատեքստում, ինչպես նաև դրանց չհրապարակման սահմանափակումը որևէ կերպ տարածվի նման տեղեկությունները դատարաններին տրամադրելու վրա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա