Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը
Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջանակում` այսօր, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրների Նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Խաչքարի տեղադրման առաջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության խնդրանքով:
Խաչքարը թվագրվում է 1598 թվականով, գույնը՝ բաց կարմրավուն: Ջուղայի խաչքարերը 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթի պատկերագրական, ոճական ու իմաստաբանական առումով խիստ եզակի երևույթ էին:
Տեղադրվող կրկնօրինակի հեղինակն անվանի վարպետ, խաչքարագործության մշակույթի յուրահատուկ դպրոցի հիմնադիրներից` Ռուբեն Նալբանդյանն է:
Նախարարությունը հիշեցնում է, որ 2010 թվականին «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» Հայաստանի Հանրապետության հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան