Արտագաղթը խրախուսող sms-հաղորդագրությունը զարմացրել է պատգամավորին ու նախարարին
Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է երեկ իր բջջային հեռախոսահամարին xopan.am-ից ստացած հաղորդագրությունը, ու նա այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներից փորձեց հետաքրքրվել՝ ի՞նչ է սա և արդյոք այդպիսով չի՞ խրախուսվում արտագաղթը:
«Այդ հաղորդագրությամբ առաջարկում էին վարորդի, ատաղձագործի ու այլ մասնագիտությամբ աշխատանք Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Ինձ համար անակնկալ էր, քանի որ պետական որևէ մարմին պետք է որ շահագրգռված չլինի նման հաղորդագրություններ տարածելու հարցում: Սա որտեղից է կարգավորվում, պետական քաղաքականությո՞ւն է, թե անփութություն, որը պետք է կարգավորվի»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին պատասխանելիս Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ասաց, որ ինքն էլ է ստացել sms-հաղորդագրություն ու շատ զարմացած է: Նա վստահեցրեց, որ այդ հաղորդագրությունների տարածման հարցում պետական միջամտություն չկա: Հարցի իրավական կողմին անդրադառնալով, Հովհաննիսյանն ասաց, որ ցանկացած անձ կամ կազմակերպություն իրավասու է նման հայտարարություն տարածել:
Բայց միաժամանակ նկատեց, որ այս հարցում մտահոգիչ է այն, որ հեռախոսահամարներին նման հաղորդագրություն ուղարկելը համարվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում:
«Հեռախոսահամարներին նմանատիպ հաղորդագրություն ուղարկելը իրավաչափ չէ: Կոնկրետ այս հարցի առնչությամբ խոստանում եմ կատարել համապատասխան ուսումնասիրություն և հետադարձ կապով տեղեկություն տրամադրել», -հայտարարեց նախարարը: